Կենդանի օրգանիզմների բնութագրական հատկանիշներից է սննդառությունը:
Սննդառությունը կենդանի օրգանիզմի կողմից տարբեր նյութերի կլանումն է սեփական գոյությունն ապահովելու նպատակով:
Սնունդ կարող է ծառայել և անօրգանական նյութը (ջուրը, ածխաթթու գազը), և օրգանականը (շաքարը, ճարպը և այլն) և ամբողջական կենդանի օրգանիզմը:
Ըստ սննդառության եղանակի կենդանի օրգանիզմները բաժանվում են երեք խմբի.
- ավտոտրոֆներ- էներգիա են ստանում արևից:
- հետերոտրոֆներ — էներգիա են ստանում օրգանական նյութերի քայքայումից:
- միքսոտրոֆներ — էներգիա կարող են ստանալ և արևից և օրգանական նյութերից:

Ավտոտրոֆ սննդառության հիմնական ձևը ֆոտոսինթեզն է:
Բույսը արմատներով հողից կլանում է ջուր, իսկ տերևներով` օդից ածխաթթու գազ: Այդ անօրգանական նյութերից լույսի ազդեցությամբ, կանաչ քլորոֆիլի մասնակցությամբ բույսը պատրաստում է օրգանական նյութ` շաքար: Ֆոտոսինթեզի մնացորդ է թթվածինը, որը տերևներով հարստացնում է օդը:
Ավտոտրոֆ օրգանիզմը ֆոտոսինթեզի արդյունքում ջրից և ածխաթթու գազից սինթեզում է շաքար և անջատում թթվածին:
Հետերոտրոֆ սննդառության հիմնական ձևը պատրաստի սննդի որոնումն ու կլանումն է:
Հետերոտրոֆները օգտվում են ֆոտոսինթեզի պատրաստի արդյունքներից` թթվածնից և շաքարից ու դրա վերափոխումներից: Հետերոտրոֆ են բոլոր սնկերը և կենդանիները:
Միաբջիջ կենդանիներում կան որոշ բացառություններ: Երկարամտրակ էվգլենան ունի քլորոֆիլ և կարող է ինչպես ֆոտոսինթեզել, այնպես էլ սնվել հետերոտրոֆ կերպով: