Հայտնություն
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….
Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։
Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…
Աշնան երգ
Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դեղին,
Պատեցին իմ ուղին…
Ճաճանչները թոշնան…
Կանաչներիս աշնան —
Իմ խոհերը մոլար՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր…
Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն…