Արցախը հարուստ բնական պաշարների երկիր է՝ գեղատեսիլ և բազմազան բնությամբ։ Արցախի տարածքի շուրջ 35 %-ն անտառածածկ է։ Անտառներն առավել մեծաքանակ են հատկապես Հադրութի և Մարտակերտի շրջաններում, որտեղ աճում են հոնի, խնձորենու, թզենու, տանձենու, ընկուզենու, սալորենու, շլորի, զկեռի, տխլենու ծառեր։ Արցախի մյուս երկրամասերում տարբեր տեղաբաշխմամբ աչքի են ընկնում հաճարենին, կաղնին, բոխին, թխկին, թեղին, լորենին, հացին, կեչին, ճապկին։ Գետահովիտների երկարությամբ տարածված են ուռենիները։ Շատ են նաև մոշի և մասրենու թփերը։ Վայրի ծառատեսակների ու թփերի պտուղները հին ժամանակներից մինչև այսօր թարմ կամ չորացված ձևով օգտագործվում են որպես սննդամթերք, համեմունք և դեղամիջոց։ Արցախն աչքի է ընկնում բուսական համայնապատկերների ու բուսատեսակների արտակարգ բազմազանությամբ։ Այստեղ առատ են մշակովի բույսերի վայրի ազգակիցները՝ ցորեն, աշորա, գարի, վարսակ, ոլոռ, սոխ, ճակնդեղ, զանազան հատապտուղներ, կորիզավոր, ընդավոր, կերային, բանջարանոցային բուսատեսակներ։ Արցախի տարածքում միմյանց են հաջորդում տափաստաններն ու անտառները։ Արցախի կենդանական աշխարհում գերակշռում են առաջավորասիական և միջերկրածովային տեսակները։ Բոլոր գոտիներում կենդանիներից հանդիպում են գայլ, աղվես, նապաստակ, շնագայլ, լճագորտ, մողես, լորտու, առնետ, թռչուններից՝ անգղ, արծիվ, բազե, աղավնի, կաչաղակ, ագռավ, սովորական ճնճղուկ, չղջիկ և այլն։ Արցախի կլիմայական ու բուսական ծածկին համապատասխան գոյություն ունի բազմատեսակ կենդանական աշխարհ: Կիսաանապատային և տափաստանային գոտում տարածված են զանազան մորեխազգիներ, որոնց որոշ տեսակները իսկական չարիք են հողագործի համար։ Կիսաանապատներում և ժայռերում ապրում են կարիճների, մողեսների և օձերի որոշ տեսակներ։



